ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Չկարծեք, թե եվրոպացիները մեզ լավություն են անում»

«Չկարծեք, թե եվրոպացիները մեզ լավություն են անում»
28.11.2017 | 13:24

Երեկ «Ելք» խմբակցությունը, իր երիտասարդներով, Երևանի ավագանու անդամներով, պատգամավորներով խորհրդարանական լսումներ էր կազմակերպել: «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ քննարկումներում վերստին շոշափվեցին ԵԱՏՄ-ի բացերը, մեր երկրի համար ստեղծված անհարմարությունները և խնդիրները: Այս քննադատություններին ՀՀԿ-ն հակահարված տվեց Արմեն Աշոտյանով, Սամվել Նիկոյանով և պետհամալսարանի դեկաններով: Եթե մինչ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը արևմտյան դիրքորոշում ունեցող ուժերը մշտապես այլընտրանքը համարում էին ԵՄ-ն, այս անգամ նրանք այդ առումով անհարմար վիճակի մեջ էին, քանի որ Հայաստանը և ԵՄ-ի, և ԵԱՏՄ-ի հետ էլ համագործակցության մեջ է: Ստացվում է` իմաստ չունի դուրս գալ մի միությունից, որի վնասները գուցե ավելի շատ լինեն, քան օգուտները: Այսուհանդերձ, բավական հետաքրքիր էին «նայվում» ԱԺ նախագահությունում նստած ընդդիմադիրները: Արա Բաբլոյանին «փոխարինել» էր Նիկոլ Փաշինյանը, Էդուարդ Շարմազանովին` Էդմոն Մարուքյանը, իսկ Արփինե Հովհաննիսյանին` Արամ Սարգսյանը:
Արտաքին քաղաքական ուղենիշների մասին «Իրատեսը» մի քանի հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ:

-Հայաստանը ստորագրեց ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Սակայն ստորագրելը մի բան է, դրա պահանջներն իրագործելը` այլ: Հայաստանը կկարողանա՞ ԵՄ-ի պահանջները կատարել:
-Նախ` այդ պահանջների կատարումը միայն ԵՄ-ին պետք չէ, նաև մեզ է հարկավոր: Դա ենթադրում է մեր տնտեսության արդիականացում, ժամանակակից մշակույթների մոտեցում, հակակոռուպցիոն գործունեություն, արդարադատության կայացում: Այս ամենը մեզ է պետք: Նրանք ասում են, թե իրենք կարող են համագործակցել նման ինստիտուտներ կայացնելու ունակ, մտադրություն ունեցող երկրների հետ: Հետևաբար, ԵՄ-ի հետ այս համաձայնագիրն ավելի շատ հնարավորություն է: Եվ ԵՄ-ն, և Հայաստանը հայտնել են պատրաստակամություն, որպեսզի այս հանձնառությունները կյանքի կոչվեն: Կկատարե՞նք դրանք, շատ լավ, չե՞նք կատարի` շատ վատ մեզ համար: Դուք չկարծեք, թե սրանով եվրոպացիները մեզ լավություն են անում, դա իրենց էլ է պետք, որովհետև ուզում են, որ իրենց սահմաններում ունենան ժողովրդավար, ազատ, կանխատեսելի, վստահելի գործընկեր պետություններ, որպեսզի ԵՄ-ն իր դինամիկ զարգացումն ապահովի: Իսկ համաձայնագիրը մեզ տալիս է վերակառուցվելու, արդիականացվելու շատ մեծ հնարավորություններ:
-Դրսի՞ց մեզ պետք է հուշեն-պարտադրեն, որ ներսում կարգավորումների խնդիր կա, մենք ինքնուրույն չե՞նք կարող պայքարել հոռի երևույթների դեմ:
-Մենք չունենք այդ փորձառությունը, համապատասխան մասնագետները, գիտելիքները: Պետք չէ մեր մասին այդքան մեծ կարծիք ունենալ: Դրա համար մենք խնդրում ենք, որ մեզ աջակցեն: Նրանք այդ ճանապարհով դարեր առաջ անցել են, հիմա մենք ուզում ենք այդ անցած փուլը հաղթահարել: Իհարկե, նրանցից պետք է սովորենք, նրանք մեծ փորձառություն ունեն:
-Մինչ ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումն իշխանությունից ոմանք տեսակետ էին հնչեցնում, թե մենք ԵԱՏՄ-ով էլ կարող ենք առաջ գնալ, և ԵՄ-ի հետ համաձայնագիրն այնքան էլ կարևոր չէ:
-Ես ծանոթ չեմ այդ տեսակետին, և դա սխալ է: Գոնե հանրապետության քաղաքական ղեկավարությունը նման բան երբեք չի ասել: Մենք ասել ենք, որ ԵԱՏՄ-ն մեզ պետք է որպես մատչելի շուկա, բայց երկարատև ժամկետում այլ շուկաներ ներգրավելու, սեփական նիշան ունենալու համար մեզ հարկավոր է ԵՄ-ի հետ համագործակցությունը:
-Նախկին, այսպես ասած, չստորագրված ԵՄ ասոցացման փաստաթղթի համեմատ, ինչպես պնդում են, սա բավական թույլ է: Այդուամենայնիվ, ի՞նչ է խոստանում այն Հայաստանին:
-Նախ` հանրային կյանքն առավել ժողովրդավար է դառնալու: Իսկ ընդհանրապես թույլ և ուժեղ փաստաթղթի խնդիր չկա: Այն ներառում է այնպիսի կետեր, որոնք չեն խանգարում երկրին այլ միության հետ համագործակցելու համար: Իմաստը սա է: Մոգերինին ևս հայտարարեց, որ հարգում են Հայաստանի ընտրությունը: Սա շատ կարևոր է, երբ հաշվի են առնում երկրի տնտեսության և անվտանգության հարցերը: Նրանք այս համագործակցությամբ հնարավորություն են տալիս ավելացնելու մեր կարողությունները: Սա հնարավորություն է, կօգտվե՞նք դրանից, ժամանակը ցույց կտա:
-«Ելքը» «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» լսումներ անցկացրեց: Երբ արդեն ԵՄ-ի հետ համաձայնագիրը մեր ձեռքում է, արժե՞ ԵԱՏՄ-ից հրաժարվել:
-Ի՞նչ է տալիս մեզ այդ անդամակցության դադարեցումը: Ինձ ասում են` ԵԱՏՄ-ն չի օգնում, լավ, բայց իրավիճակը վատացնու՞մ է: Անշուշտ ոչ: Եթե մենք ապրանք չունենք արտահանելու, ԵԱՏՄ-ն ի՞նչ մեղք ունի:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ